Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)

Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)
07.02.2014 | 11:47

Մենք նստեցինք լճի ափին և դեռ նոր էինք ծխախոտ վառել և նոր էինք պատրաստվում հարմար թիկնել քարին և առաջին բառերն էինք որոնում հանգիստ ու երկար զրույցի համար, երբ լիճը սկսեց դանդաղ հեռանալ ափից։
Զարմանքը տևեց տարիներ։


«Հրեշտակներ մանկության երկնքից»,
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՈՐՈՏ ԵՎ ՈՐՈՃ

(ֆելիետոն-նամե)

«Կիսաքրեական» նորահայոց իշխանապետությունը արձանագրեց երկրի օտարման դիվանագիտական հերթական փայլուն հաղթանակը` Որոտանի ՀԷԿ-ը հանձնուքի տեսքով նվիրաբերվեց ԱՄՆ-ին, ռուսաց հետ բալանսը պահելու համար, թե չէ Նահանգների եղ ու բրնձի, այսինքն` վարկերի բարոյական տոկոսները այլ կերպ ո՞նց եք փակելու։ Այլ կերպ ասած, իշխանապետիկները «թավանի» տակ չեն։ Սա փաստում ենք և քայլարշավում դեպի Երասխավան։ Արարատյան դաշտում երկնագույն գրոհը փառահեղ հաղթանակներ է տոնում։ Ձախից լյառն է Արարատ, թիկունքում` Երասխավանի հերոսամարտի այդպես էլ չտեղադրված հուշարձանի մորմոքը, ինչ փույթ, Երասխավան-Արմաշ-Սուրենավան ուղեգծում Լոքոյի նշանադրությունն է և կնունքը, ցուցանակները, ահավասիկ, ազդարարում են` «Շատ մեծ լոքո», «Թագավոր ախպեր-լոքո», «Երեսփոխան-լոքո» և այլն։ Ըստ շրջանառվող լուրերի` գլխավոր բանդագուշանք Մասսի լանջին՝ «Նոյյան տապանի» հանգրվանում (անշուշտ, Թուրքիայի Հանրապետության համաձայնությամբ), գիշեր-ցերեկ լուսարձակվելու է հետևյալ գովազդային պաստառը` «Լոքոն ՀՀ ապագայի գլխավոր երաշխիքն է»։ Թերևս մեր հարգանաց տուրքը մատուցենք արգո Լոքոյին. «Ծածանակերպի կարգի ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը մինչև 5 մ է, քաշը` մինչև 300 կգ։ Մարմինը լերկ է, առանց թեփուկների, լորձապատ։ ՈՒնի մեծ գլուխ, լայն, տափակ դունչ, մեծ բացվող բերան։ Արփա և Որոտան գետերում ապրող լոքոները սպորտային որսի օբյեկտ են»։ Բա՜։ ՈՒ ո՞նց, չբռնենք ու լոքոյի հետ (այսինքն` տափակ դնչի, մեծ գլխի և, հատկապես, մեծ բացվող բերանի) համեմատենք, զորօրինակ, որոշ երեսփոխանների, մեծաքսակների, պետայրերի և այլնի գեղագիտակ դիմապատկերները։ Գուցե։ Բայց միգուցե ավելի լրջախոհ գործով զբաղվենք, զի Որոտանի ՀԷԿ-ը վերջին որոտն արձակեց, ինչին իսկույն արձագանքեց Սևանից հնչող ահազանգը` կենսախինդ քաղցրահամ ջուրն իջնելու է, Գեղամա չքնաղ դիցուհին կրկին մղվում է 3-րդ հանրապետության հարեմը։ Ո՞վ է սույն ձեռնարկի հեղինակը, անշուշտ, լոքոյակերպների գումարտակը։ Այսպիսով` որոտ և որոճ, Որոտանից Արաքս, Սևանից էլ դեպի Արարատյան դաշտը բռնազավթած արհեստական ավազաններ։ Մի խոսքով, ՀՀ կառավարությունը կրկին ու վերստին, նորից և հավելյալ անգամ փաստում է, որ հանդիսանում է արտաքին վարկատուների և ներքին վաշխառուների հակահայկական կրքերի կենսագործման գործադիր կառույցը։ Իսկ Սևանը մարում է, ինչո՞ւ։ Փորձենք կռահել։

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍԵՎԱՆՅԱՆ ՄՈՒՂԱՄՆԵՐԸ

(պամֆլետ-օրատորիա)

Հիշո՞ւմ եք մեծն կոմբինատոր Օստապ Բենդերի հարցը մանրապճեղ խուլիգան Բալագանով Շուրային` որքա՞ն գումար է ձեզ անհրաժեշտ լիակատար երջանկության համար։ Տղայամիտ Շուրան գցեց-բռնեց և լիասիրտ պատասխանեց` 6400։ Ոչ ավելի, բայց ոչ էլ պակաս։ Արդյո՞ք հնարավոր է ճշտել մեր իշխանակույտի լիակատար երջանկության ֆինանսազավթողական ձևաչափը։ Համոզված եմ` անհնար է։

Մի խոսքով, Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով, Սևանա լիճ։ Հանդիսանում է Երկիր մոլորակի բարձրադիր և քաղցրահամ խոշոր բնական ջրամբարներից մեկը։ Մինչև արհեստական իջեցումը լճի մակարդակը գտնվում էր 1916 մետր բարձրության վրա։ Ջուրը վճիտ էր, այն բուռ-բուռ խմում էին տեղաբնակներն ու հյուրերը, խմում էին և զմայլվում ջրի երկնային թափանցիկությամբ, քսան մետր խորքում նկատելի էին ոսկեխայտ իշխանները։ Գիտնականները վաղուց եզրակացրել են, որ բարձրլեռնային Սևանը սակավ արդյունավետ լիճ է (այս միտքը մտապահեք, պաղատում եմ, դրան դեռ անդրադառնալու ենք), կենդանական աշխարհի բազմազանությունը` ոչ տպավորիչ։ Սևանում հազարամյակներով խայտացել են իշխանը, կողակը և բեղլուն։ Զուտ արդյունաբերական նպատակներով ռուսական Լադոգա և Չուդ լճերից ներկրվեց սիգը և գտավ այստեղ յուր երկրորդ հայրենիքը։ Ջրի մակարդակի արհեստական իջեցումն առաջացնում է ջերմային և գազային ռեժիմների խախտում, ձմռանը ջուրը սառցակալում է, և լճի մերձհատակային հատվածներում թթվածնային սով է առաջանում։ Հիշենք նաև, որ Սևանում արևափայլի տևողությունը մոտ 2700 ժամ/տարի է։

Այժմ դիտարկենք, թե ինչպես էր արևը փայլում Արարատյան դաշտում մինչև երկրի անկախացումը։ Այն համարվում է Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը, երկայնքը տպավորիչ է` 200 կմ, լայնքը` 20-45 կմ։ Տարեկան արևափայլը դարձյալ 2700 ժամ/տարի է։ Սակայն գլխավորը դաշտի անմահական միրգն է և բանջարեղենը, հատկապես խաղողը։ Ի դեպ, Արարատյան դաշտում է տեղակայված քաղցրահամ ջրի արտեզյան ջրավազանը` 30 մլրդ խմ պաշարով։ Միջին սերունդը, անշուշտ, հիշում է, որ Արտաշատ-Երևան հին ճանապարհի որոշ հատվածներ ծածկված էին խաղողի «թունելներով», ճամփի մի կողմից խաղողի ոստերը փայտե կամ մետաղե հենքի վրայով բարձրանում և փոխանցվում էին մյուս կողմը, խաղողն առատ էր, վերաբերմունքը նրա հանդեպ` խիստ հարգալից։ Ի դեպ, Արարատյան դաշտում ևս մեկ բնօրրան հրաշագործություն է հայտնի` որդան կարմիրը։ (Սատանի ականջը խուլ, լոքոյակերպերը սույն հրաշագործությանը հանկարծ չկպնե՞ն)։ Մի խոսքով, Սևանը առաքելություն ունեցող լիճ էր երկրի անկախացման հերոսական տարիներին։ Արարատյան դաշտում էլ արտեզյան ջրերը ապահովում էին գյուղաբնակների քիչ թե շատ բարեկեցիկ ապրուստը։ Այսպես անցան տարիներ, և երբ տեղական իշխանիկները ներխուժեցին կառավարական օթյակներ, սիգի պաշարները մի գիշերում սպառվեցին, լիճը իր առաքելությունից (բնակչությանը լիճն ապահովում էր համեղ և էժան ձկներով երկրի հարաբերական քաղցի տարիներին, այստեղից էլ «առաքելական լիճ» պատվատիտղոսը) վերափոխվեց գանգստերային գործարարության։ Լիճը այլակերպվում էր, օղակվում լոքոյակերպերի մասնավոր շահի ցուցանքներով, լողափեր, պանդոկներ և հյուրատներ։ Այսինքն, Գեղամա հրաշքի բնույթը փոխվեց մեկ-երկու տարում, սիգն ու իշխանը նվազեցին քանակապես, բազմապատկվեցին գնային սանդղակում։ Եվ լճում ի հայտ եկան խեցգետինների ահարկու վտառները, և մի՞թե դույզն-ինչ կասկած կա, որ եթե շահութաբեր լինի հնդկական կոբրաների կամ ֆրանսիական գորտերի արդյունահանումը, լիճը վերստին կվերաիմաստավորի յուր դեմքով և դիրքով։ Զուգահեռաբար լոքոյակերպերի դժնդակ շնչառությունը նոր բնագիծ էր նվաճում, զի Սևանի պաշարներն անսպառ չէին և 2013-ին` Օձի տարում, պարզվեց, որ կառավարական որոշումն ու պետական օրենքը` Սևանի ջրի մակարդակի բարձրացման, լճի փրկության ծրագիրը օգտակար է հանրապետության, երկրի, հասարակության և պետական տան կայունության համար, իսկ դա, համաձայնեք, ամենամեծ վնասն է լոքոյակերպերին։ Անշուշտ, լոքոյակերպերը պարզամիտ չեն և զուգահեռում են Սևանա լիճն ու Արարատյան դաշտի ավազանները։ Հիմա Արարատյան դաշտի լճերն իջնում են, բիզնեսը` վտանգվում։ ՈՒ մի՞թե միանգամայն բնական և բարոյական չէ իջեցնել Սևանի մակարդակը, ապահովելով արհեստական լճերի հավերժությունը։ Սաղո՜լ։

Մի խոսքով, Սևանի փրկության պետական ծրագիրը թլպատված է։ Զի առաջնահերթ է Արարատյան դաշտի արհեստական լճերից քամվող ձկնային շահույթը։ Միջպետական ճանապարհի ձախ ափերին (եթե Երասխավանից ես քայլարշավում) ձկնաբուծական տնտեսություններ են, գլխավորապես մեկ սուբյեկտի սեփականությունը, որը ամենաբարձր պետական մակարդակներում սրբազնորեն անձեռնմխելի է, ինչպես կարմիր կովը հնդիկների համար։ Ի վերջո, երկիրը բաժանված է գերշահութաբեր նախագծերի միջև, և միջնախագծային բաժանարար գծերն ու երթուղիները պահպանվում են սրբորեն, վերնակույտի ներքին սահմանադրությամբ և նրանց թևութիկունք աշխարհի կառավարիչների աշխարհակուլ օրհնությամբ։ Եվ, ահավասիկ, հանրությանը հայտնի է դառնում, որ Արարատյան դաշտի գանգստեր-քրմապետը (ով, չմոռանանք, բարձրագույն մի օթյակում է օրը մթնեցնում, «ծառայելով» երկրին և օրենքին) Արաքս մայր գետի հայկական ափը յուրացնում է մետր առ մետր (ափամերձ ավազը, պարզվում է, շահութաբեր ապրանք է, ենթակա անհապաղ յուրացման) և, ահավասիկ, մենք հանրապետության տարածքներն ենք հանձնում, առանց մեկ հատիկ կրակոցի։ Զարմացա՞ծ եք, անկասկած, սակայն բացատրությանն ունկնդիր լինելուց առաջ մի մեծ թաս ծիրանի ոսկեօղակ օղի ըմպեք և նյարդներդ թուլացրեք։ Այսպես ուրեմն, երբ Արաքսի հայկական ափը նահանջում է, գետի կենտրոնով անցնող պետական սահմանը մխրճվում է դեպի Հայաստան, Թուրքիան մի քանի մետր առաջ է գալիս։ Բա՜։

Իհարկե, սպասելի էր այս ամենը, զի Սերժ Սարգսյանի հիմնարար ծրագրերն ու հայեցակարգային մտահղացումները փառավորապես տապալվում են։ Գուցե մի գերգաղտնի պահեստային քայլ ունի իր քաղաքական լաբիրինթոս-պահուստարանում արգո նախագահը և հենց այդ քայլով պետք է ձերբազատի իրեն, մեզ և վերջապես երկիրը օրըստօրե մոլեգնող երկրակեղեք նկրտումներից։ Առայժմ օղակն ավելի է սեղմվում երկրի տկար պարանոցի շուրջը, զի իշխանակույտը, օտարելով ու վաճառելով ազգային հարստության ռազմավարական կարևորագույն հանգույցները, բառացիորեն բռնաբարում է երկրի հողն ու ջուրը, և հեռու չէ այն օրը, երբ Սևանա լիճն արդեն պատուհաս կդառնա կառավարության և իշխանությունների գլխին, զի վերջին ձկները կհայտնվեն բնապահպանական որևէ թանգարանում։ Անշուշտ, թերակղզում վեր կխոյանա անհայտ կորած իշխանի և սիգի մարմարյա հուշարձանը, ջրի կապուտաչ զուլալությունը կփոխվի տղմոտ գարշաբույրի, բնականաբար, միջազգային կազմակերպությունները Սևանա դիցուհու վրա տաբու կդնեն, և մեր օսլայաօձիք-օսմանաժպիտ կառավարիչները լիճը կվաճառեն, գործարքը համարելով հայ տնտեսական մտքի փայլուն հակադարձումը արտաքին բռնազավթիչների հանդեպ։ Եվ, բնականաբար, առաջ է գալիս Հանրապետության հրապարակի վերանվանակոչման խնդիրը։ Ահավասիկ, Երևանի Հանրապետության հրապարակը եկեք կոչենք «Պետրոս Գետադարձի» անվան հրապարակ։ Հրապարակ մուտքագրվող փողոցները ևս վերանվանենք ըստ ներկա քաղաքական և տնտեսական գերակայությունների։ Այսպես, Նալբանդյան փողոցը կարելի է այսուհետ անվանել Մելիք Ֆրանգյուլի փողոց, Ամիրյանը, հասկանալի է, Վասակ Սյունեցու, դե մնացածն էլ թող պատվարժան ընթերցողս հայտնաբերի։

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

(սարկաստիկ վրնջոց)

Բայց գուցե մեր կառավարությունն ու իշխանությունները ծանրակշիռ մի գերխնդի՞ր են լուծում, մենք էլ պապանձվելու փոխարեն մռնչում ենք և այպանում նրանց, այսինքն` «նաֆսում» ենք։ Է, ետքը՞։ Ետքը ազգապետափրկչական սույն բացատրագիրն է. իշխանությունները երիցս ճիշտ են, կառավարությունը` անվերապահորեն անսխալական։ ՈՒրեմն հավատում և հետևում ենք նրանց, վաղօրոք մեր կյանքի լուսանցքը մղելով քաղաքական ընդդիմությանը մասնավորապես և կուսակցություններին` առհասարակ։ Զի վերջիններս մեկ գերխնդիր ունեն` ջուր լցնել գործող մոլորյալ իշխանության և նրանց հովանավոր համաշխարհային գիշանգղերի ջրաղացին։ Ջուր լցնել և, իհարկե, ջրից չոր դուրս գալ։ Սա փաստում ենք և ջերմ դաշինք կազմում ՀՀ իշխանությունների հետ, առաջարկելով մեր միտքն ու ավյունը ծառայեցնել երկրին։ Զորօրինակ, նրանք չէ՞ որ բարդագույն խնդրի առջև են կանգնել` ինչը վաճառել և օտարել։ Բա եղա՞վ, սթափվեք և ականջ դրեք, բյուջեի լցոնման նպատակով բարձր հարկ սահմանել տրանսգենդերների ծառայություններից օգտվողների վրա, եթե հաճախորդը տրանսիկին, զորօրինակ, վճարում է 12 հազար դրամ, պետական տուրք է մուծում 12 հազար դոլար։ Իսկ արտաքին ուժերի առաջ ամոթանքով չմնալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն մասնակի օտարել։ Այսպես, նա իր մտքի, բազկի և այլնի երկու երրորդով այսուհետ հանդիսանում է ՀՀ-ն վարկավորող կազմակերպության (զորօրինակ, Սորոսի հիմնադրամի) անձեռնմխելի սեփականությունը և նրա ողջ եկամտի երկու երրորդը պատկանում է սույն հիմնադրամին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ